AM
8 February 2024 - 09:53 AMT

2024-ից հանրակրթական դպրոցների շրջանավարտները գերազանցության մեդալ չեն ստանա

2024-ից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ։ Փոփոխություններ են կատարվել «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում», hայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին:

Սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուս.պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:

Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը: