ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հանկը Բրաունս Սլոտի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ տեսլականը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, այլև մյուս կողմի Ադրբեջանի հստակ հանձնառությունն առանցքային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի համար հիմնարար սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության աներկբա հարգման կարևորությունը:
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման և ՀՀ խաղաղության օրակարգի համատեքստում Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում դրված հանրաճանաչ սկզբունքներին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումներն ու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։