«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ–ում, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, ասել է, որ անգամ, եթե ցանկություն կար բարելավելու Սահմանադրությունը, իսկ թշնամի երկիրը նման պահանջ է դնում, պետք է հետ կանգնել այդ մտքից։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ասում է, որ համաձայնեցված դրույթ ունենք, այ հենց այստեղ է մեխը։ Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, որը կհակասի ՀՀ մայր օրենքին, անգամ եթե կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց»,- հայտարարել է Մինասյանը՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը պետք է հանրաքվեով լուծվի, հայտնում է Panorama.am-ը։
Մինասյանն ակնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, ըստ որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
Նա հավելել է, որ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան բացարձակապես հնարավորություն չի տալիս, պետական օրենսդրությունը ոտնակոխ անելով և խախտելով, խորհրդարանում մեծամասնության մասնակցությամբ անցկացնել միջազգային փաստաթուղթ։
«ՀՀ Սահմանադրությունն իր արգելող նորմով՝ 116-րդ հոդվածի 3-րդ մասով, ասում է, որ միջազգային պայամանգրերը, որոնք պարունակում են Սահմանադրությանը հակասող դրույքներ, չեն կարող վավերացվել, սա անհաղթահարելի է»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
Վարչապետ Փաշինյանը փետրվարի 7–ին խորհրդարանում առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում է բացահայտել՝ անդրադառնալով այն պնումներին, թե իշխանությունը Սահմանադրություն է ուզում փոխել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար, այսինքն՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ», – ասել է նա։