AM
8 February 2024 - 14:12 AMT

ԼՂ բենզինի պահեստի պայթյունից 191 տուժածի համար բուժման առաջին փուլն ավարտվել է

Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունից 4 ամիս անց 191 պացիենտի համար բուժման առաջին փուլն ավարտվել է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը:

ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 1 պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում:

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ։ Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։