AM
8 February 2024 - 14:27 AMT

Միրզոյան. Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ ՀՀ-ն կլինի ՄՔԴ ակտիվ անդամ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարել է, որ որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի ՄՔԴ ակտիվ անդամ։

Նա նշել է՝ Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։

«Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում:

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100,000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ»,–ասել է նա։

Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։