ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ և հույս հայտնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների վրա, հետագայում ավելի կամրապնդվի»,-նշված է ուղերձում։
Վարչապետը նաև վրացերեն գրառում է արել
Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։
Դրանից մի քանի օր անց Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և ընտրվել քաղաքական իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» նախագահ։ «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է իշխող ուժի կողմից երկրի վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանը հաստատել է նրա թեկնածությունը։