AM
9 February 2024 - 11:07 AMT

Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի կիրակման հարցեր

Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմայսկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Հաագայում կայացած հանդիպմանը շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրակմանն առնչվող հարցերի շուրջ։ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արդեն իսկ նախաձեռնել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բախվելով տարածաշրջանում անպատժելիության ծանրագույն հետևանքների՝ քաջ գիտակցում է դրա դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ջանքերի համադրման հրամայականը, ինչը ևս դրվել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու հիմքում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի։

Հայաստանը փետրվարի 1–ից դարձել է Միջազգային քրեական դատարանի 124–րդ լիիրավ անդամ։ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ այսուհետ Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Մոսկվան բացասաբար է ընդունել ՀՀ որոշումը, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ–ի՝ ՀՀ–ում Հռոմի ստատուտի վավերացումը «այդ ինստիտուտներն իր անհիմն նկրտումների համար օգտագործելու փորձ է»: