Պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերը, թե զորամասերում ապամոնտաժվում են Փառքի անկյունները՝ նշելով, որ Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ են տարվում։
«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,–ասվում է ՊՆ հայտարարության մեջ։