Ավելի վաղ հայտարարվել էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը հանվել է Երևանի ավագանու օրակարգից, սակայն նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հարցը կքննարկվի, բայց քվեարկություն տեղի չի ունենա։
Անդրադառնալով հարցին՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան ասել է, որ տոմսային փաթեթներից սահմանափակումները կհանվեն, հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Քննարկման առարկա պետք է դառնա սահմանափակումների հարցը, այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը, այսինքն՝ բոլոր այս ժամանակների համար ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,–ասել է նա։
Փոխքաղաքապետը նկատել է՝ առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ գործող շարժակազմը, որը կար, փոփոխվել է ոչ միայն համայնքային միջոցներով։
Նա հավելել է, որ տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը պետք է վերանայվի նվազագույն չափով կամ նույնիսկ չվերանայվի, իսկ այն անձանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից, ում համար փոփոխությունը «դրամատիկ» թանկացման չի բերում, տրամաբանություն չկա, որ սուբսիդավորվեն պետության կողմից, հայտնում է Aysor.am-ը։
«Նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է 2 տեղփող, 1 օրյա, մեկ շաբաթվա տոմս, նվազագույն՝ 10 փաթեթով լիցքավորվող տոմս»,- հայտարարել է փոխքաղաքապետը՝ տրանսպորտի սակագնի վերանայման փաթեթը ներկայացնելիս։
Տիգրանն Ավինյանն ասել է, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ինքնաֆինանսավորվող տրանսպորտային համակարգ՝ էֆեկտիվ գործարկան և էֆեկտիվ կառավարման դեպքում, հայտնում է Factor.am-ը։
Նա հավելել է, նաև, որ տեղփոխի սահմանափակումները հանվելու են նախագծից։
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել էր միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, որը նախատեսվում էր ուժի մեջ մտցնել սեպտեմբերին։ Լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը քննադատությունների առարկա դարձավ և հայտարարվեց, որ այն հանվում է օրակարգից և լրացուցիչ կքննարկվի։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։ Իսկ տարեկան տոմսի պխարագայում նախատեսվում է 110,000 դրամ սահմանել, ընդ որում ուղևորությունների քանակը սահմանափակ պետք է լինի՝ 1000 ուղևորություն։ Մինչդեռ շատ եվրոպական և ամերիկյան քաղաքներում այդ գինն ավելի ցածր է, իսկ ուղևորությունների քանակն անսահմափանակ է։