AM
13 February 2024 - 10:04 AMT

Մարուքյան․ Ադրբեջանը շարունակում է չհրահրված ագրեսիան ՀՀ դեմ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, արձագանքելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական զոհերի և վիրավորների մասին տեղեկությանը, նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չհրահրված ագրեսիան ՀՀ դեմ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Մեկ այլ գրառման մեջ Մարուքյանը գրել է, որ սկզբից Ադրբեջանը սկսում է կեղծ լուրեր տարածել իբր հայկական կողմից կրակոցի մասին, հետո արդեն կյանքի է կոչում նախապատրաստված գործողությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, սպանելով և խեղելով մարդկային կյանքեր։

«Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրություն էր տարածել «Հատուցում» գործողության մասին՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված սահմանապահ դիրքի վրա, ինչի հետևանքով երկու հայ զինվոր զոհվել է, և կան վիրավորներ (նոր տվյալներով՝ հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր–խմբ.)։

Նախ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմից եղել է գնդակոծություն, իբր, վիրավոր կա, հետո հայկական կողմը հայտարարում է, որ հետաքննելու է միջադեպը, իսկ ադրբեջանական կողմը հարձակվում է, սպանում և խեղում մարդկանց՝ չսպասելով որևէ հետաքննության և այդպիսով ցույց տալով, որ նրանք պատրաստ են հարձակվել և պարզապես առիթ էին փնտրում։

Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր «ավանդական» հանցավոր, ագրեսիվ պահվածքից և նախ տարածում է անվերահսկելի, միակողմանի, կեղծ լուրեր, թե իբր հայկական կողմից կրակոցներ են եղել, իսկ հետո արդեն նախապատրաստված գործողություն են կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ սպանելով ու խեղելով նոր կյանքեր»,–ասվում է գրառման մեջ։

Մարուքյանը նաև գրել է, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների այս շղթան պետք է դադարեցվի և կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները։

«Միջազգային հանրությունը պետք է կոչ անի Ադրբեջանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերn ավելի քան 215 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից, ինչը ագրեսիա և սադրանք է Հայաստանի դեմ»,–գրել է նա։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։