AM
13 February 2024 - 10:03 AMT

Թաթոյան․ Սպանված և վիրավորված զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքում են

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։

Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։

Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը»,–ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը նաև հրապարակել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում բազմաթիվ փաստահավաք աշխատանքների արդյունքների մի մասը:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։