AM
13 February 2024 - 10:05 AMT

ԱԳՆ․ ԼՂ վերաբերյալ բաժինը կայքից չի հեռացվել, բովանդակությունը կարտացոլվի պատշաճ ժամկետներում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից», – նշել է ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական էջում բացակայում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը՝ բոլոր լեզուներով։

Փետրվարի 9–ին նման պահանջ էր հնչել ադրբեջանական կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, այդ թվում՝ ԱԳՆ կայքի բովանդակության մեջ: Այդ մասին նա ասել էր «Ազատությանը»։