AM
13 February 2024 - 14:55 AMT

Աշոտ Հովհաննիսյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան

Փետրվարի 12–ին դատախազի որոշմամբ փոխվել է Synergy International Systems ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։

«Այս առարկայազուրկ գործի շրջանակներում, մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Նորից պետք է ընդգծեմ, որ այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», – նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։

Փաստաբանները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։

«Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», – նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դատախազը փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի (Աժ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և «Սիներջիի» աշխատակից Լիլի Մկրյանի) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող «Սիներջիի» նախկին և ներկա աշխատակիցներ՝ Աժ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի կալանավորումը քննադատության առարկա էր դարձել հանրության շրջանում, քանի որ նրանք մանկահասակ երեխաներ ունեն։