AM
14 February 2024 - 10:00 AMT

Արթուր Երոյանը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Արտակ Բուդաղյանը՝ Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար

Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

Մեկ այլ հրամանագրով, նա ազատելով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար»:

Պաշտոնը թափուր էր 2023-ի մարտից, երբ Տիգրան Փարվանյանն ազատվել էր միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով Կամո Քոչունցն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։