ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ՀՀ քննչական կոմիտեում է, հայտնում է Sputnik Արմենիան իր աղբյուրների վրա հղումով։
Փետրվարի 14-ին նա հայտնել էր, որ այլևս չի զբաղեցում նախարարի պաշտոնը։
Ավելի վաղ նաև լուրեր էին շրջանառվում, թե նախկին նախարարն ԱԱԾ-ում է։ Aysor.am-ի հետ զրույցում Քերոբյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ԱԱԾ-ում լինելու փաստը։
«Կներեք, այս պահին լրագրողների հետ զրուցելու ոչինչ չունեմ, բան չկա ասելու»,–ասել է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձի։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Այս գործով կալանավորվել է «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։






