AM
15 February 2024 - 14:16 AMT

Ստեփանյան․ Արցախում 20-21 անձ է ապրում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ներկայացնելով Արցախում այժմ տիրող վիճակը, ասել է, որ իր տեղեկություններով՝ այս պահին այնտեղ 20-21 անձ է ապրում, որոնք, մեծ հաշվով, կորցրել են իրենց ինքնությունը։

«Գիտենք՝ ինչ պայմաններում են ապրում, բոլոր հնարավորություններից զրկված են՝ Կարմիր խաչի կողմից ընդամենը սնունդ ստանալով, չենք կարող ասել, որ արժանապատիվ կյանքով են ապրում՝ հայկական կենսակերպով։ Շատ կարևոր է արձանագրենք, որ մեր պահանջները հիմնված են հավաքական վերադարձի իրավունքի վրա, ոչ թե՝ անհատական իրավունքի»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Հարցին, թե որտեղ է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, Ստեփանյանը պատասխանել է, որ նա Երևանում է, զբաղվում է Արցախի ժողովրդի վերաբերող հարցերով, հրապարակավ ակտիվություն չի ցուցաբերում, որովհետև ստեղծված իրավիճակում ավելի նախընտրելի է նախագահի պարտականություններ և լիազորություններ իրականացնել ոչ հրապարակային հարթակներում, այլ՝ գործնական։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, պատանդառված անձանց, ապա Ստեփանյանը նշել է, որ, ցավոք, իրավական ճանապարհը՝ Բաքվում պահվող մեր ռազմագերիների, պատանդառված անձանց իրավունքների պաշտպանության հարցում, անկարող է, ինչի մասին ապացույցներին ամեն օր ենք առնչվում։

Ստեփանյանը հիշեցրել է, որ Բաքուն գերության մեջ պահվող անձանց թեման դարձրել է քաղաքական շահարկումների և առևտրի առարկա, ամեն անգամ այդ թեման շահարկում է՝ ՀՀ-ից զիջումներ կորզելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։