AM
16 February 2024 - 08:18 AMT

Աբրահամյան․ Հանրությանն ուզում են համոզել, թե վատ է, որ դեպք է եղել, բայց կարևորը՝ անցավ, գնաց

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին և հայկական կողմի զոհերին, գրել է, որ հանրությանն ուզում են համոզել, թե` վատ է, որ դեպք է եղել, սակայն կարևորն անցավ գնաց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են

«Մինչ Ադրբեջանն ինքնագոհ խոսում է այն մասին, որ հաջորդ առիթով էլ նույն կերպ է վարվելու և կոշտ հարված հասցնելու` նկատի ունենալով Ներքին Հանդի վերջին ողբերգական դեպքերը, Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են:

Այն, որ ցանկացած միջադեպից հետո համապատասխան կառույցները աշխատում են` տեղի ունեցածը դետալային պարզելու համար, գիտեն խնդրին քիչ թե շատ ծանոթ անձինք: Բայց 4 զոհ ունեցած երկրի կառավարչի ամբողջ խոսույթը գլուխը կախ Ադրբեջանին գոհացնելն է:

Այս ամենից դուրս, գարշանք են առաջացնում Փաշինյանի «տակ» գտնվող այն անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով, հանրությանն ամենակեղտոտ ձևով ուզում են համոզել, թե վատ է, որ դեպք է եղել, սակայն կարևորն անցավ գնաց ի՞նչ հակազդել, ի՞նչ պատասխան, անցավ գնաց և այլն:

Ի՞նչը անցավ, ոչինչ էլ չի անցել: Մեկի որդին, մեկի ամուսինը, մեկի հայրը զոհվեց, ավելին` Ադրբեջանը հոխորտում է, որ հաջորդ անգամ էլ առիթ կգտնի ու նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են, որ պետք է դեմքներիս թուքը մաքրենք ու գլուխներս կախ սպասենք հաջորդ արյունոտ միջադեպին:

Շակալներ, որոնց համար հայրենիքի պաշտպանների կյանքն արժեք չունի, կարևորն իրենց շպրտված գումարները ժամանակին ստանում են, փորներն էլ կուշտ է:

ՀՀ ԱԳՆ–ն խստրեն դատապարտել է ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները և կոչ արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Նշվում է, որ ուժի կիրառման գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։