AM
16 February 2024 - 11:26 AMT

Քերոբյանն իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, պատասխանել է լրագրողների մի քանի հարցի՝ նշելով, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առաջարկել է Քերոբյանին էկոնոմիայի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրել։

«Առաջարկել են դիմում գրել։ Ասել են՝ որոշվել է քո ազատման հարցը»,– ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Հարցին, թե Արայիկ Հարությունյանն է առաջարկել, Քերոբյանը դրական է պատասխանել՝ այո։

Նա նաև ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խոսել, նամակով շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ վերջինս նույնպես, և որ նեղացած չէ։

Նա նաև ասել է, որ չի հարցրել ազատման պատճառը որն է, քանի որ իրեն պետք չէ պատճառաբանություն, եթե իր աշխատանքն այլևս պահանջված չէ։ .

Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հայտարարել էր. «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու … Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»։

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։ Վ.Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով, մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։