ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձություններին, նշել է, որ պատասխանատվությունը սեփական զինվորի վրա գցելը տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որին մենք ականատես էինք լինում:
Նա չի բացառել, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ՝ էլի ինչ-որ բաներ կհանձնվեն, կառավարության նիստում թեթև անոնս լսեցինք, հայտնում է «Փաստինֆոն»։
«Եթե հիշում եք՝ շաբաթներ առաջ ասում էի, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ դա լինելու է կրկնակի կապիտուլիացիա։ Ինչպես տեսնում ենք, այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։
Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ՝ սահմանի այլ հատվածներում։ Երեկ մենք թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։ Այդ ամենի արդյունքում էլի ինչ -որ բաներ կհանձնվեն, և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը, ժողովուրդը, գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ երկրի ապագային հադեպ՝ այս իշխանության ուղարկեն տուն»,- նշել է Սարգսյանը։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։