AM
16 February 2024 - 14:19 AMT

Թաթոյանը փաստահավաք այցով Ներքին Հանդում է

Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է՝ Ներքին Հանդ գյուղում: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:

Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,-գրել է նա։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։