Արդարադատության նախարարությունում փետրվարի 16-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդը ստեղծվել է վարչապետի որոշմամբ, առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար:
Նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները լսել են Հանձնաժողովի զեկույցը՝ սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրությունների ընդունման միջազգային փորձի վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել քննարկում:
Նիստի օրակարգում ներառված էին նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր:
Օրակարգի բովանդակային հարցերին Խորհուրդը որոշել է անդրադառնալ հաջորդ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։