AM
19 February 2024 - 09:53 AMT

ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են մասնավորապես կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։

Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել էր «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ էր անցկացնում այս գործարքի դեմ։ Ավելի ուշ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին և հայտարարել, որ «ինչ հայկական է, հայկական է մնալու»։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով և կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս դաշնակիցներին հայկական համայնքին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում: