AM
20 February 2024 - 08:37 AMT

Աբրահամյան․ Արցախյան շարժման մեկնարկի օրը չպետք է լինի հուսահատության կամ մղձավանջի առիթ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով փետրվարի 20–ին նշվող Արցախյան շարժման 36-ամյակին, գրել է, որ այն մի քանի տասնամյակ խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու արդար ձգտումը` տնօրինելու սեփական ճակատագիրն ու հանուն ազգային գաղափարների պայքարելու վճռականությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ այս ծանր ժամանակներում այս օրը ոչ թե պետք է լինի հուսահատության կամ մղձավանջի առիթ, այլ արձանագրումն այն բանի, որ ամենածանր օրերին հայն ունակ է գաղափարի հիմքով միաբանվելու և իր վճռական մարտը վարելու։

«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը և սկիզբ դնում Արցախի վերածննդին: Այս ճանապարհը բարդ էր և փշոտ, սակայն գաղափարն այնքան ամուր էր, որ շատերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին սեփական կյանքը դրեցին:

Սա պայքարի ու հաղթանակի հնարավորություն ստեղծեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի համար, որովհետև հետագայում սկիզբ առած ադրբեջանական հարձակումները ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի ուղղությամբ էին` Մեղրիից, Երասխից մինչև Տավուշ:

Հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակներում այս օրը ոչ թե պետք է լինի հուսահատության կամ մղձավանջի առիթ, այլ պետք է լինի արձանագրումն այն բանի, որ ամենածանր օրերին հայն ունակ է գաղափարի հիմքով միաբանվելու և իր վճռական մարտը վարելու` անկախ նրանից, թե թշնամին ներսում է՞, թե՞ դրսում:

Այսօրվա պայքարը նաև հարգանքի դրսևորում է բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր այս տասնամյակների ընթացքում զոհվել են հանուն վաղվա օրվա և հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության»,-գրել է նա։

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ: