Արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-ամյակի առիթով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի մի քանի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին, հայտնում է Aysor.am-ը։
1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով։ Այդ օրը Երևանում էլ սկսվեցին ցույցեր՝ ի աջակցություն արցախահայության։
Դիմումը հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:
Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ: