AM
21 February 2024 - 06:50 AMT

Synergy-ի հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվել է

Դատախազը փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրվարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի (Աշոտ Հովհաննիսյանի) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունից։

Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

ԱՏՁՄ–ն իր խորին մտահոգությունն էր հայտնել վերջին շրջանում արդեն օրինաչափություն դարձած անվանի մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների աղմկոտ ձերբակալությունների մասին և ԱՏՁՄ–ի կոչ արել փոխել Synergy–ի տնօրենի խափանման միջոցը։