Հայաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալության հետ կապված պաշտոնական տեղեկություն չունի։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Զեյնալլիի նկատմամբ, հայտնում է Panorama.am-ը։
Զեյնալլին Ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Քամիլ Զեյնալլի ձերբակալության հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է։
Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ ՌԴ ազգային օրենսդրության շրջանակներում, ձեռնարկում է բոլոր իրավական և դիվանագիտական ջանքերը՝ Մոսկվայում ձերբակալված Քամիլ Զեյնալլիի իրավունքները պաշտպանելու համար։
«Ադրբեջանի դեսպանատունը Զեյնալլիին փաստաբան է տրամադրել։ Ներկայումս ձերբակալվածի մոտ են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, մասնավորապես՝ հյուպատոսը»,–հայտնել են դեսպանատնից։ ։