AM
21 February 2024 - 10:14 AMT

«Խոպանչիները» փակել են Երևան–Մարտունի ճանապարհը. Բողոքում են հարկման դեմ

«Խոպանչիները» փակել են Երևան–Մարտունի ճանապարհը և բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։

«Խոպանչիները» վերջին օրերին են ծանուցում ստացել, որ իրենք պետք է հարկվեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«Անսպասելի էր մեզ համար, որ ուզում են հարկել, սյուրպրիզ ձևով մեզ ծանուցումներ են ուղարկել, որտեղ կոնկրետ գումարներ են նշված սկսած 300,000-400,000 դրամ։ Արտագնա աշխատանքի ժամանակ մարդիկ այդ երկրում վճարել են 13 տոկոս եկամտահարկ, հիմա էն մարդիկ, որոնք ինչ–որ պատճառով շուտ են վերադարձել խոպանից, պետք է ՀՀ եկամտահարկի տարբերությունը վճարեն։ Հարցը ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ լինելու մեջ է (ռեզիդենտ են համարվում նրանք, որոնք 183 և ավելի օր գտնվել են ԱՊՀ տարածքում ու աշխատում են այնտեղ. խմբ.)։ Այսինքն Հայաստանում 20 տոկոս է, այնտեղ` 13, մենք պետք է վճարենք ևս 7 տոկոս հարկ»,– ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Պետական եկամուտների կոմիտեն ավելի վաղ արձագանքել էր այս խնդրին հայտարարելով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում հարկվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով: