«Ավրորայի» 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում մայիսի 8-10-ը:
Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե և Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաև «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր և ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
«Մեզ համար պատիվ է միավորել ջանքերը «Խոստում» ինստիտուտի հետ, որպեսզի աջակցենք ականավոր մարդասերներին և մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք վտանգում են սեփական անձը՝ այլոց օգնելու համար»,- ասաց դոկտոր Նուբար Աֆեյանը:
«2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին և մասնակիցներին իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին: Հուսով ենք, որ սա կոգևորի մարդկանց այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ և մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը:
2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը. նրանց անունները հայտնի էին դարձել 2023 թ. սեպտեմբերին: Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի և այլն: