AM
21 February 2024 - 11:28 AMT

ՀՀ-ն ու Ֆրանսիան կգործակցեն կինոյի բնագավառում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև փետրվարի 19-ին Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում ստորագրվել է կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթ:

Այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին կից գործող Եվրոպական կինոշուկային մասնակցում է առանձին հայկական տաղավարով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։