AM
22 February 2024 - 10:40 AMT

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի ՀՀ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Այդ մասին նախարարն ասել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է Արմենպրեսը։

«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։

Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։

Նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական նպատակների համար։

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը բախվում է անվտանգային լուրջ խնդրի։ Մեր պարտավորությունն է օգնել Հայաստանին, որպեսզի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեկորնյուն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։