AM
23 February 2024 - 07:58 AMT

Սեպտեմբերի 19-ից հետո 16 անձ ադրբեջանական գերության մեջ է

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, հայտնում է Aysor.am-ը։

Կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տվյալներ չի հաղորդում։

Շարունակում է բաց մնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215 և 1990-ականներին անհետ կորած 777 ՀՀ քաղաքացիների և ԼՂ-ի հայերի ճակատագիրը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։