AM
23 February 2024 - 10:13 AMT

Պապիկյան. ՀՀ–ն պաշտպանական սպառազինություն կգնի նաև խաղաղության պայմանագրից հետո

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ, անկախ նրանից, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո անվտանգային ինչ միջավայր կլինի, Հայաստանի ԶՈւ–ն շարունակելու է պաշտպանական զենք, զինամթերք գնել։

Նա նշել է, որ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի Հանրապետությունը զենք, զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ ՀՀ-ի կողմից գնվող զենք, զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այն տեսանելի է առկա հռետորաբանությունից։ Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»,- ասել է Պապիկյանը։

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն որդեգրել է զինված ուժերի կարողությունները նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն։ Դա արվում է և՛ սեփական միջոցներով, և՛ եվրոպական երկրների աջակցությունը կօգնի մեր երկրին։

Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։ Ավելի վաղ Le Figaro-ն գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։

Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար. Եթե ՀՀ-ն կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա՝ կմատակարարվեն