Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:
Քաղաքապետը հետաքրքրվել է, թե այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել կոնդեցիների իրավունքների պաշտպանության, տասնամյակներով նրանց տնօրինած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար, գրում է Sputnik Արմենիան։
«Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունը նրանում էր, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականության հատվածներն իրենց սեփականությունը չեն հանդիսացել»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցվել է, որ Կոնդ թաղամասի շենք-շինությունների օրինականացման հետ կապված այս պահին կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում։
«Ովքեր ունեն քաղաքապետի որոշում, ծանուցվել են ավագանու որոշման մասին սեփականաշնորհման վճարների հետ կապված։ Դեռևս կատարված վճարումներ չկան։ Ըստ գոտիականության՝ մեկ քառակուսի մետրի արժեքը 214 կամ 139 հազար դրամ է»,- հայտնել են քաղաքապետին։
Այս պահին 25 որոշման մասով 100 հազարից մինչև 650 հազար դրամ վճարի ենթակա գումար կա։
«Հաշվի առնելով, որ քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, հասկանանք, թե ինչպես կարող ենք կապել հետագա իրացման ծրագրի հետ և լուծումներ գտնել»,- հանձնարարել է քաղաքապետը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից:
Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք: