ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Ադրբեջանի խոսույթին և հրապարակումներին արցախյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուի դեպքերի վերաբերյալ, գրել է, որ Խոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության պատճառով շարունակում է «եփվել»։
Նա նշել է, որ մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել։
«Ադրբեջանն ամեն տարի այս օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ է ունենում արցախյան առաջին պատերազմի օրերին Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Մինչև 2018 թվականը Հայաստանում այս թեմայի հետ կապված բավականին աշխատանք է տարվել` ֆիլմերից մինչև միջազգային կառույցներում հսկայական իրազեկման գործընթաց, սակայն այս իշխանությունների օրոք հակազդման գործառույթը հետին պլանում է, իսկ Ադրբեջանը, ով աշխարհին հայտնի է իր ցեղասպան քաղաքականությամբ, մեղադրական սլաքները մեր ուղղությամբ հրելու անխոչընդոտ դաշտ է մտել:
Խոջալու բնակավայրը կրակակետի, իսկ սեփական ժողովրդին որպես վահան օգտագործող Ադրբեջանը Հայաստանին ցեղասպանության մեջ մեղադրելու համար Ակնա (նախկին Աղդամ) բնակավայրի հատվածում, Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների մի մասին սպանեց սկզբում ներքաղաքական գործընթացներում օգտագործելու, իսկ հետագայում` հայերին ցեղասպանության մեջ մեղադրելու համար:
Այդ կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության կրավորական, հանցավոր անտարբերության և հակազդման բացակայության պայմաններում, շարունակում է «եփվել»,–ասվում է գրառման մեջ:
1992–ին տեղի է ունեցել ռազմական գործողություն՝ Ստեփանակերտի օդանավակայանը (գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա) ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով։ 1991-ի գարնանից ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական ՄՀՆՋ-ականների հարձակումներին և «Ալազան», «Կրիստալ» ու ՄՄ-21 «Գոսդ» համազարկային ռեակտիվ կայանքներից հրթիռակոծության։ Այդ ընթացքում պատանդվել է 700 հայ խաղաղ բնակիչ, ոչնչացվել հարյուրավոր հեկտար հացահատիկային ցանքսեր, բնակավայրերի մեծ մասը զրկվել է էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից։
Խոջալուն գրոհող ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները միջանցք էին թողել գյուղի խաղաղ բնակչությանը՝ ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, որի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված էր։ Սակայն վերջինս ոչինչ չէր ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու համար։ Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Ա. Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։ Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։