AM
1 March 2024 - 10:24 AMT

ՔՊ-ին անհանգստացնում է ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։ Այդ մասին ԱԺ ճեպրազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում «գլխի ընկավ», որ ռուս սահմանապահները խնդրահարույց են «Զվարթնոցում», ՔՊ-ականն պատգամավորը պատասխանել է, որ բազմաթիվ իրողություններ են ի հայտ եկել։

«Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընցաքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ»,–ասել է նա։

Նա նշել է նաև, թե, ցավոք, ուշ են «գլխի ընկել», որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։

«Սա նշանակում է, որ պետք է գնալ ու խնդիրը լուծել»,- հավելել է նա։

Ավելի վաղ ռուս սահմանապահների ներկայությանը «Զվարթնոց» օդանավակայանում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անհանգստացած է Հայաստանում ՌԴ զինվորականների կողմից ռուսաստանցի դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգման փաստով։

«Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում»,–ասել է նա՝ հավելելեվ, որ եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։