Հայկական կողմն ամեն ինչ անում է` իրականացնելու Ալմաթիի հռչակագրով ամրագրված այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք են բերել, սակայն, ցավոք, հայկական կողմը բավարար ջանքեր չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր համաժողովներում կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության հիմնական սկզբունքների շուրջ։ Որոնք են դրանք՝ առաջին հերթին տարածքային ամբողջականության փոխադարձ վերահաստատումը՝ հենվելով Ալմաթիի հռչակագրի վրա։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացվելու է Ալմաթիի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա։
Կարծում ենք՝ եթե կարողանանք այս գոյություն ունեցող սկզբունքներն ամրապնդել խաղաղ բանակցություններում, շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք դա կարողացել ենք անել մինչև հիմա»,- ասել է Ռուբինյանը։
Միաժամանակ նա նշել է, որ թեպետ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երկրների առաջնորդների մակարդակով, այսպես ասած, ֆիզիկական հանդիպում տեղի չէր ունեցել, բայց խաղաղության վերաբերյալ բանակցությունները կանգ չէին առել։ Երկրները շարունակել են փոխանակել իրենց տեսակետները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 28–ին հաստատեց, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։