Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարնային հեռուստաընկերության եթերում կրկին ասել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները մուտք չունեն Սյունիքի մարզի Ներքին Հանդ, որի դիրքերում փետրվարի 13–ին ադրբեջանական կրակից 4 հայ զինծառայող էր զոհվել։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։
Նա պնդել է դա, չնայած ավելի վաղ տարածված ԱԱԾ հայտարարությանը, որ սահմանի այդ հատվածում «ԵՄ դիտորդական առաքելության դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»։
«Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ԵՄ դիտորդները դեպի Ներքին Հանդ և Ադրբեջանի հետ միջազգայնորեն ճանաչված սահման մուտք չունեն։ Այդպիսի խնդիր կա և մենք այն հասցեագրելու ենք»,- հայտարարել է Գրիգորյանը։
Այն մասին, որ ԵՄ դիտորդները մուտք չունեն դեպի Ներքին Հանդ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր փետրվարի 21–ին։ Դա հաստատել էր նաև Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Նա ասել էր, որ Հանդը ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում է։
Սակայն, ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան»։