ՀՀ Պաշտպանության նախարարությունում մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Հայկական ուսանողական համաժողով»(ՀՈՒՀ) երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների եւ Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ուսումնարանի սաների հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Հայկական ուսանողական համաժողովի անդամների եւ զինվորական ուսումնարանի սաների միջեւ դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած մրցումների մասնակիցների եւ հաղթողների պարգեւատրումը:
PanARMENIAN. Net -ի թղթակցի հետ զրույցում, ՀՈՒՀ գործադիր տնօրեն Վարդգես Հովեյանը հայտարարել է, որ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության հարց է: «Մեր կազմակերպությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ արդեն հաջողությամբ մի շարք ծրագրեր են ծավալել, եւ հեռանկարում մենք նախատեսում ենք նոր հետաքրքիր միջոցառումներ, որոնք հայկական բուհերի ուսանողներին հնարավորություն կընձեռի ավելի լավ ծանոթանալու պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերին», – նշել է Հովեյանը:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության նորակառույց համալիրով մասնակիցների շրջագայությունը: