AM
4 March 2024 - 08:21 AMT

Կասկադի վերին հատվածը Երևանին է վերադարձվել

Երևանին է վերադարձվել Կասկադի վերին հատվածը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Տարածքը կազմում է 11.5 հա:

«Քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ դա շատ դրական և սպասված լուր է։

Ավինյանը տեղեկացրել է նաև, որ հանդիպում է ունեցել ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այժմ Հայաստանում է գտնվում, խնդրել Կասկադ այցելել և նրանք համաձայնել են այդ հատվածի համար էսքիզային որոշակի լուծումներ տալ անվճար, որոնք հետագայում կքննարկվեն:

«Կասկադ» համալիրի տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։