AM
4 March 2024 - 14:31 AMT

Պապիկյան․ ՀՀ-Կիպրոս- Հունաստան եռակողմ գործակցությունը քննարկվել է

Հայաստանն ու Հունաստանը միևնույն մոտեցումներն ու ընկալումներն ունեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարների համատեղ հայտարարությունների ժամանակ։

Նրա խոսքով՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել է արվել միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ համագործակցության հնարավորություններին, գրում է Sputnik Արմենիան։

«Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում սերտ համագործակցությունը»,- ասել է Պապիկյանը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում, եվրոպական պետությունների և կառույցների հետ հարաբերություններում, միջազգային առաքելությունների մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում ճանապարհ է հարթել Հայաստանի համար։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։