AM
4 March 2024 - 14:49 AMT

Ըստ Դենդիասի՝ ՀՀ-Հունաստան- Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը պաշտպանության ոլորտում հնարավոր է

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա- Հնդկաստան քառակողմ գործակցությունը պաշտպանության ոլորտում։

Նա նշել է, որ ստեղծվել է հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև, բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- նշել է նա։

Դենդիասը հավելել է, որ Հունաստանը վճռականորեն դեմ է ցանկացած ռազմական գործողության՝ տարածաշրջանում, կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքների համաձայն։

Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապոյանը ավելի վաղ ասել էր, որ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել է արվել միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ համագործակցության հնարավորություններին: