AM
5 March 2024 - 10:29 AMT

Միքայելյան․ Արցախի գերեվարված 3 նախագահը 100%-ով վստահում էին ռուսներին՝ չե՞ն կարող նրանց հետ բերել

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում, ուր այցելել էր Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ, ասել է, որ 44-օրյա պատերազմից մինչև օրս ԵԿՄ–ն պետական սահմանն է պահում, այն գործն է անում, ինչ սկսել է Սպարապետը, հայտնում է Aysor.am-ը։

Խոսելով ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին՝ Միքայելյանը հարց է բարձրացրել, թե մեզ համար ՀԱՊԿ–ն ի՞նչ է արել՝ նշելով, որ Արցախի 3 նախագահը 100%-ով վստահում էին ռուսներին՝ ռուսները չե՞ն կարող նրանց հետ բերել։

«Այսօր ես էլ եմ մեղավոր հետ տալու պահով, նախորդ պետական այրերն են մեղավոր։ Մեր երեք նախագահները գտնվում են թշնամու մոտ՝ գերեվարված են, ՊԲ հրամանատարը, ու էլի մարդիկ։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց հասկանանք, էլի՝ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին։ Հիմա ռուսները չէ՞ին կարում այդ մարդկանց բերել Հայաստան։ Հիմա ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք-չմիանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում, որպես Սասուն Միքայելյան, և այս տարիների ընթացքում մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արին։ Նարկոզ են տվել, 6 տարի մեզ փրթում են ռուսները։ Ձեզ պարզ ապացույց, որ մեր երեք նախագահները գերեվարված են թշնամաու կողմից»,-ասել է նա։

Ըստ նրա, Սպարապետի ժամանակ կարողացել ենք ազատագրել հայրենիքի որոշ մասը, քանի որ համախմբված էինք։

«Այսօրվա այս ծանր վիճակում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված, հետագայում ավելի մեծ դժավարությունների չհանդիպենք»,-ասել է նա։