AM
6 March 2024 - 06:57 AMT

Փաշինյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը Հրվ. Կովկասում և Գազայում

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Գազայում։

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդունիների ապաշրջափակմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Ահմեդ Աբուլ Ղեյտը կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Նա հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար:

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ ասել է, որ ՀՀ–ն միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին։ Նա նաև ասել է, որ ՀՀ–ն մտածում է Գազա հումանիտար բեռ ուղարկելու մասին և ակնկալում է Եգիպտոսի աջակցությունն այդ հարցում: