Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլին:
Վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:
Մադբուլին ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ գործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլին շեշտել է երկու երկրի միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի: Պարոն Մադբուլին նշել է ՀՀ վարչապետի արդյունավետ հանդիպումները երկրի նախագահի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ տնտեսական կապերի ամրապնդման ու առաջմղման նպատակով: Միաժամանակ, Մոսթաֆա Մադբուլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև Եգիպտոսի նոր վարչական քաղաքի, ինչպես նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարական գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում:
Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ ասել է, որ ՀՀ–ն միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին։ Նա նաև ասել է, որ ՀՀ–ն մտածում է Գազա հումանիտար բեռ ուղարկելու մասին և ակնկալում է Եգիպտոսի աջակցությունն այդ հարցում: