Կառավարությունը հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրին, որով նախատեսվում է ուժեղացնել պաշտպանական կարողությունները նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքով, խթանել զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. դեկտեմբերի 14–ին Աթենքում։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը ներառում է զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ։
Նախատեսվում է ստեղծել նաև հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: