Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ Քննչական կոմիտեի հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին։
Ըստ փաստաբանի՝ խափանման խիստ միջոցների կիրառումը, ըստ էության, ծառայեցրել են անձանց հարկադիր ցուցմունք տալու համար, հայտնում է Aysor.am-ը։
«Նախաքննական մարմինը հարցեր չունի տալու Վահան Քերոբյանին, որպեսզի հասկանանք՝ մարդիկ ուզում են քննել, իմանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Սա նախաքննություն չէ, միաբանության կողմից համոզմունքների քարոզ է»,-ասել է նա։
Եգորյանը նշել է, որ ըստ նախաքննական մարմնի, որոշում է կայացվել հօգուտ մի ընկերության, որը երեք անգամ ավելի գին է տալիս։ Սա ցույց է տալիս, որ քննիչները բավարար պատկերացում չունեն մրցութային գործընթացի վերաբերյալ, որովհետև այստեղ կարևորը գինը չէ միայն, երբ դուք գնում եք մի ապրանք առնելու, բնականաբար, գինը կարևոր է, բայց որակն էլ կարևոր է, և որոշում եք՝ որը գնել»,-ասել է նա։
Փաստաբանը նշել է, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մինչև մրցույթի անցկացումը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ, ավելին՝ նման տեղեկատվություն ևս մամուլում չի շրջանառվել, միայն նշվել է, որ որոշ հանդիպումներ են եղել, գրում է Aysor.am–ը։
«Վահան Քերոբյանն այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից, ընդ որում չեն ստացվել պարտադիրության ուժով։ Անկախ նրանից, թե նրանք եղել են նախարար կամ փոխնախարար, այս մրցութային հանձնաժողովը չի ենթարկվում նախարարին»,-ասել է նա։
Իսկ հարցին, թե փոխնախարար Անի Իսպիրյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչներին՝ պատասխանել է, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարակել, բայց նման հնադիպումների մասով խնդիր չկա, որովհետև մրցույթների շրջանակներում մրցութային հանձնաժողովի անդամները բազամթիվ հանդիպումներ ունենում են։
«Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը, արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային և չսահմանափակվի որևէ մրցակցային կանոն»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ փաստերի հիման վրա վկայակոչել չի կարող՝ նախաքննական արգելքից ելնելով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին նախարար Քերոբյանը, նախնական համաձայնությամբ իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն, խախտել են գնումների մասին օրենքը և արդյունքում մի կազմակերպություն դուրս է հանվել մրցակցությունից։