Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին, անդրադարձել է նաև Վահան Քերոբյանի պաշտոնանկությանը:
«Պետք է ուղիղ ասեմ՝ շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել Էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայցև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ: Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը շեշտել է, որ Կառավարության քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր։
«Բոլորս մեր առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ անում ենք ոչ կատարյալ, ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած: Գիծը, որը պետք է ուղենիշ լինի մեր անթերիությունը գնահատելու համար, հետևյալն է՝ արդյոք մենք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում ենք, թե՝ ոչ: Սա կարևոր չափանիշ է: Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում, չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»,–ասել է նա:
Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Կառավարության համար:
«Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է՝ դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե, Էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է: Կարծում եմ, նաև լավ հնարավորություն է պարոն Պապոյանի համար, ով գործընթացներում ներգրավված է եղել խորհրդարանական ֆորմատով և խորհրդարանական հարթակից, ընդ որում՝ ղեկավարելով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովը, տեղյակ լինելով հարցի այդ կողմին՝ լավ հնարավորություն է իրադրության վրա կոնկրետ ազդեցություն ունենալ այս մյուս կողմից»,- նշել է վարչապետը:
Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և քաղաքական թիմին՝ բարձր և շատ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից:
«Կցանկանայի, որ բոլորս, ով այս նախարարությունում աշխատում է՝ առավել ևս, վերաբերվենք մեր աշխատանքին՝ որպես ծառայություն մեր ժողովրդին և պետությանը, և որպես առաքելություն, որի շրջանակներում պետք է մեզնից հետո փոխանցենք շատ ավելի ամուր և շատ ավելի դիմակայուն պետություն: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք արդեն իսկ մեր աշխատանքների վերաբերյալ որոշակի ուղենիշներ ունենք, որոնք տնտեսության մեջ որակական փոփոխություններն են, դա մեր տնտեսության դիվերսիֆիկացիան է և այլն: Դիվերսիֆիկացիայի մասին մեր պատկերացումները շատ հստակ են: Վերջնարդյունքը պետք է այնպիսին լինի, որ ինչպես մենք պետք է աշխարհի բոլոր անկյուններից կախված լինենք, այնպես էլ վերջնարդյունքում ինչ-որ մի պահի աշխարհի բոլոր անկյուններն էլ մեր չափով մեզնից կախված լինեն:
Սա շատ կարևոր, միգուցե՝ ամբիցիոզ գաղափար է, բայց երևի աշխարհի երկրների ընտանիքում մեր ուրույն տեղն ու անելիքն ունենալու համար այլընտրանք գոյություն չունի: Այս առումով, կարծում եմ, որ մեր կառավարությունը մի շատ կարևոր քաղաքական հանձնառություն է որդեգրել՝ դա առաջնորդության գաղափարն է: Կարծում եմ, որ տնտեսական քաղաքականության մեջ նույնպես պետք է առաջնորդություն վերցնենք մեզ վրա: Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մենք ոչ թե պետք է արձագանքենք արդեն իսկ եղած երևույթներին և փորձենք դրանց հարմարվել կամ լուծումներ գտնել, այլ լինենք նախաձեռնող և ինքներս կանխատեսենք դրանք, ընդառաջ գնանք դրանց: Այդ դեպքում, թերևս հնարավոր բարդությունները չեն լինի կամ չեն լինի այն աստիճանի, որոնք կարող էին իներտության դեպքում դրսևորվել»,- ասել է Գևորգ Պապոյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին նախարար Քերոբյանը, նախնական համաձայնությամբ իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն, խախտել են գնումների մասին օրենքը և արդյունքում մի կազմակերպություն դուրս է հանվել մրցակցությունից։