Կիպրոսի կառավարությունն առաջարկում է հյուրընկալել ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաներին և պատրաստվում է ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի շրջանակում 10 ջերմոց կառուցել։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի թեմային՝ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ագրեսիան, տեղահանումն անընդունելի գործիքներ են միջազգային հանրության համար։ Նա հավելել է, որ հարկադրանքն ու ուժի կիրառումը չեն կարող լինել այլընտրանք երկխոսության և խաղաղ կարգավորման համար, հայտնում է Sputnik Արմենիան։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերություններին, ապա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Մենք՝ որպես միջազգային համայնք, պետք է դեմ կանգնենք ագրեսիային և աջակցենք Հայաստանին թե՛ քաղաքական տեսանկյունից, թե՛ նյութապես»,- ասել է նախարարը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։