AM
9 March 2024 - 06:54 AMT

Միրզոյան․ 2 կարևոր հարցում Բաքվի հետ մոտեցումները տարբեր են՝ սահմանազատման և հաղորդակցությունների

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին շրջանակներում թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, նշել է, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն, 2 կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով` Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմաթիի հռչակագրի համաձայն:

Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Նա նշել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։

Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։

Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանի Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։