AM
11 March 2024 - 09:58 AMT

Քաղաքապետ․ Մասնավորը հուշարձան-շենքերը չբարեկարգելու համար կտուգանվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կառույցի կողմից բավարար ջանք չի ներդրվում Երևանում գույքագրված և մասնավորի ձեռքում գտնվող հուշարձան-շենքերի բարեկարգման համար։

«Մենք Երևանի ավագանու որոշմամբ ունենք նոր հնարավորություններ սեփականատերերին որոշակի տույժերի ենթարկելու»,– ասել է Ավինյանը՝ առաջարկելով այս շաբաթ ունենալ քննարկում, որպեսզի այդ մեխանիզմն աշխատացնեն, հայտնում է Sputnik Արմենիան։

Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը զեկուցել է, որ Երևանում գույքագրվել է մոտ 50 հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց և ունեն բարեկարգման կարիք:

ԿԳՄՍ նախարարությունը դեռ 2023 թվականի հունիսին սեփականատերերին ուղարկել է ծանուցում այդ շենքերի պատշաճ պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Սարգսյանի խոսքով՝ այս տարվա հունվարին ԿԳՄՍՆ–ից Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել են, որ հուշարձան-շենքերի սեփականատերերից ծանուցումներին արձագանքել է մեկ սեփականատեր՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել հուշարձանի վերականգնման էսքիզային նախագիծ։